Գիտահետազոտություն
Գիտահետազոտությունը և նորարարությունը կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:
Ս.թ. մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի կազմակերպած «Վարպետաց դասեր» միջոցառումների շրջանակում դպրոցը հյուրընկալել էր Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների աշխատակիցներ Ժիրայր Հակոբյանին և Սերոբ Մուրադյանին: Դասն անցկացվում էր «Համակարգերի նախագծում ARDUINO միկրոկարգավորիչների միջոցով» խորագրի ներքո, որին մասնակցում էին ՀԱՊՀ ավագ դպրոցի, ինչպես նաև Ռոբոտաշինության խմբակի` տարբեր դպրոցների աշակերտներ, որոնց հրապուրում են նորագույն տեխնոլոգիաները:
Դասի սկզբնական մասում աշակերտներին ներկայացվեց ARDUINO համակարգը, որով կարելի է տարբեր նախագծեր իրականացնել:
Որոշակի տեսական գիտելիքներ հաղորդելուց հետո` ՀԱՃԼ-ի աշխատակիցները աշակերտներին բաժանեցին ARDUINՕ միկրոկարգավորիչները, ինչպես նաև ուլտրաձայնային տվիչներ, ռեզիստորներ, եռագույն լուսադիոդներ, հաղորդալարեր և սնման աղբյուրի ադապտերներ:
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մի քանի միացումներ կատարեցին` տեսնելով համակարգի աշխատանքը: Ամբողջ դասի ընթացքում Ժ. Հակոբյանը և Ս. Մուրադյանը աշակերտներին հաղորդում էին գիտելիքներ՝ մերթընդմերթ նաև հարցեր տալով նրանց, ինչը ավելի հետաքրքիր էր դարձնում դասը:
Սա ՀԱՃԼ-ի աշխատակիցների անցկացրած արդեն 2-րդ պարապմունքն էր: Առաջինը անցկացվել էր «Հետաքրքրաշարժ ինժեներություն» խորագրով: