Skip to main content

Գիտահետազոտություն

Գիտահետազոտությունը և նորարարությունը  կատարվում են լավ գործիքակազմ ունեցող լաբորատորիաներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՊՀ, ՀԱՃԼ թիմերի մասնակցությունը ICET2018-ին

Դեկտեմբերի 11-ից 15-ը Ռուսաստանի դաշնության մշակութային մայրաքաղաք համարվող Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա պատանեական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) սաներից բաղկացած երեք թիմերը:

Դեռևս ամռանը ձևավորված երեք թիմերը՝ «ThreeSmart», «SFI» և «PowerEngineers» ներկայացրել են իրենց աշխատանքները մրցութային 8 անվանակարգերից երեքում՝

  1. Թիմ՝ «ThreeSmart», անվանակարգ՝ «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ +» («Перестройка+»)
  2. Թիմ՝ «SFI», անվանակարգ՝ «ԼԱԲԻՐԻՆԹ» («Лабиринт»)
  3. Թիմ՝  «PowerEngineers»,  անվանակարգ՝ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՁԱՅՆԻՑ» («Электроэнергия  из звука»)

Մրցույթի պահանջների համաձայն թիմերի կողմից տրվել են նորարարական լուծումներ՝ նախագծվել և ստեղծվել իրենց կառուցվածքով ինքնատիպ համակարգեր: Ներկայացված դիմում հայտերի, տեխնիկական խնդրի ձևակերպման փաստաթղթերի և համակարգի աշխատանքը փաստող տեսահոլովակների ներկայացման արդյունքում երեք թիմերն էլ գերազանց արդյունքներով հաղթահարել են առաջին փուլը և հնարավորություն ստացել մասնակցել եզրափակիչ փուլին:

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՆ-ի և ՀԱՊՀ-ի աջակցության շնորհիվ:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանյան թիմերի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԱՊՀ ռեկտոր Ո.Զ.Մարուխյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր Ռ.Վ.Աղգաշյանը և ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը իրենց բարեմաղթանքի խոսքն են ուղղել մասնակից թիմերին, ոգևորել նրանց, ցանկացել արժանավույնս ներկայացնել Հայաստանը միջազգային ինժեներական մրցույթին, և հույս հայտնել, որ թիմերը Հայաստան կվերադառնան հաղթանակով:

Դեկտեմբերի 11-ին մեկնելով Սանկտ-Պետերբուրգ, հայաստանյան երեք թիմերը հաջողությամբ հանդես են եկել ստուգատեսի փուլին՝ անցնելով եզրափակիչ փուլ:

Մրցութային առաջին օրը մեկնարկել է Սանկտ-Պետերբուրգի  «Планетарий №1» աշխարհի ամենամեծ պլանետարիումում: Համաձայն մրցույթի ձևաչափի, մրցակից թիմերը հրավիրվել են մրցահարթակ՝ առանց իրենց ղեկավարների: Մասնակիցներին տրամադրվել է աշխատանքային միջավայր,  սարքավորումններ՝ հագեցած եռաչափ տպիչներով, տարբեր տեսակի հաստոցներով և այլ գործիքակազմով: Թիմերին՝ համապատասխան անվանակարգերում առաջադրվել են առաջադրանքներ որոնց լուծումները տրվել են հենց տեղում և ներկայացվել ժյուրիի դատին մրցութային վերջին օրը:

Զուգահեռ մրցույթին, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել հետաքրքիր շոու ծրագրերի, ուղիղ կապ հաստատել տիեզերքում գտնվող ռուս տիեզերագնացների հետ, ովքեր ողջույնի խոսքեր են  ուղղել ICET2018 մրցույթի մասնակիցներին: Մասնակիցներն ականատես են եղել մանկական տեխնիկական նախագծերի՝ «Կվանտորիում 2018» մրցավազքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը  («Марафон открытий детских технопарков «Кванториум» -2018»), որի ընթացքում ուղիղ կապի միջոցով լսել են  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի ողջույնի խոսքը:

Արդեն իսկ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել պատանեական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Այս փուլում խմբերը ցուցադրել են իրենց սարքերի հնարավորությունները, յուրահատկությունները մյուսների նկատմամբ և առաջադրված խնդիրը լուծելու  կարողությունը:

Անմիջապես եզրափակիչ մրցույթի ավարտից հետո բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է պաշտոնական ճաշկերույթ:

Համաձայն մրցույթի կանոնների ընտրվել է մեկ բացարձակ հաղթող բոլոր 8 անվանակարգների մեջ: Բոլոր անվանակարգների մեջ բացարձակ հաղթող ճանաչվել է «Կույրերին աջակցող» անվանակարգյում ներկայացված լուծումը՝ արժանանալով 1 միլիոն ռուբլի մրցանակի:

Մյուս մասնակից թիմերը պարգևատրվել են մասնակցության պատվոգրերով և իրեղեն մրցանակներով:

Հայաստանը ներկայացնող թիմերը ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, առավելագույն կենտրոնանալով առաջադրված խնդիրների լուծման վրա և արժանացել ժյուրիի բարձր գնահատականի: ՀՀ-ն ներկայացնող երկու թիմերը՝ «SFI»-ը  և «PowerEngineers»-ը արժանացել են երիտասարդ ժյուրիի մրցանակին՝ լավագույն թիմ անվանակարգում, ստացել բազում նվերներ և պատվոգրեր: